Վանաձորի բուսաբանական այգի

Content Image

Վանաձորի բուսաբանական այգի

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի Վանաձորի բուսաբանական այգին հիմնադրվել է 1936 թ.-ին, Վանաձոր գետի գեղատեսիլ կիրճում` 12 հա մակերեսով, 1400-1450 մ բարձրության վրա։ Վանաձորի կլիման մեղմ է, բարեխառն անտառային տիպի։ Գոյության ավելի քան 80 տարիների ընթացքում ստեղծվել է արժեքավոր ծառաբույսերի հարուստ հավաքածու՝ շուրջ 590 տեսակ, որոնք պատկանում են 140 ցեղի և 47 ընտանիքի: Ծառաբույսերի մոտ 80%-ը ցրտադիմացկուն են և հեռանկարային: Առավել մեծ թվով ներկայացված են հետևյալ ընտանիքների ներկայացուցիչները՝ Pinaceae, Cupressaceae, Taxaceae, Corylaceae, Rosaceae, Caprifaliaceae, Salicaecea, Oleaceae և Fabaceae։ Վանաձորի բուսաբանական այգին աչքի է ընկնում հատկապես ասեղնատերևավորների հարուստ բազմազանությամբ՝ Մայրի, Եղևին, Եղևնի, Կենի, Խեժափիճի, Գետնանոճի, Մետասեքվոյա, Սեքվոյադենդրոն և այլ: Վերջինս համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ և երկարակյաց ծառատեսակներից մեկը, որը Հայաստանում հանդիպում է միայն Վանաձորի բուսաբանական այգում և Ստեփանավանի դենդրոպարկում: Այգում աճում է նաև ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված հետևյալ տեսակները՝ Արջատխլենի և Կենի հատապտղային: Մեծ է այգու դերը գիտակրթական, գեղագիտական ​​առումով։ Պարբերաբար անցկացվում են էքսկուրսիաներ դպրոցականների համար։ Վանաձորի բուսաբանական այգին գտնվելով լեռնային անտառային գոտում, աչքի է ընկնում բազմաթիվ հազվագյուտ, արժեքավոր և բարձր գեղազարդ բույսերով, որի շնորհիվ այն դարձել է Վանաձոր քաղաքի բնակիչների, ինչպես նաև զբոսաշրջիկների ու հյուրերի սիրելի հանգստի վայրը։

en_USEnglish