«Թախտաջյանի անվան» մեդալների հանձնում

Content Image
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում նշանավորվեց երկու կարևոր իրադարձությամբ.
  •  Առաջին անգամ 5 անվանակարգերում հանձնվեց «Թախտաջյանի մեդալներ»
  • Բացվեց Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի լաբորատորիան
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան բուսաբանեւթյան ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։
Բուսաբանության ինստիտուտի գիտքարտուղար, Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի ավագ գիտաշխատող Ժաննա Հովակիմյանը ներկայացրեց ակադեմիկոս Թախտաջյանի գործունեությունը։
«Իր արգասաբեր գիտական գործունեությամբ հսկայական նշանակություն է ունեցել բուսաբանական գիտության զարգացման գործում սկզբում Հայաստանում, այնուհետև Ռուսաստանում, ապա նաև ողջ աշխարհում։ Արմեն Թախտաջյանն իր ամբողջ կյանքը նվիրել է գիտությանն ու մարդկությանը ծառայելուն: Նա հեռացավ՝ թողնելով հարուստ գիտական ժառանգություն, ավանդույթներ, որոնք այսօր էլ նրա աշակերտները շարունակում են», – ասաց Ժաննա Հովակիմյանը։

 

Թախտաջյանի անվան մեդալներ հանձնվեցին 5 անվանակարգերում։
 
  •  Բուսական աշխարհի հետազոտման ոլորտում առանձնակի ներդրման և գիտելիքի ստեղծման համար մեդալ ստացավ Էռնստ Վիտեքը, ով եղել է Վիեննայի Բնագիտության պատմության թանգարանի բուսաբանության բաժնի տնօրենը, ուսումնասիրել է Հայաստանի և Իրանի բուսական աշխարհը:
  •  Բուսական աշխարհի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերի համար մեդալ ստացավ հայկական բնական կոսմետիկա արտադրող «Նաիրիան» ընկերության համահիմնադիր Անահիտ Մարկոսյանը։
  •  Մարդու կյանքում բուսական աշխարհի նշանակության և դերի բարձրացման համար մեդալ ստացավ բնապահպան Թամար Գալստյանը։
  •  Բուսական աշխարհի պահպանության գործում ունեցած ներդրման համար մեդալ ստացավ WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը։
  •  Հայաստանում բուսաբանական այգիների զարգացման գործում ունեցած ավանդի համար մեդալը ստացավ Հայ օգնության ֆոնդը ( Fund for Armenian Relief, Inc) ։
 
Բուսաբանական գիտության զարգացման և բնապահպանության ոլորտում ավանդի համար մեդալ ստացավ սնկաբան,ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիա Օսիպյանը։
Մեդալներ ստացան ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի բուսաբան-կարգաբանների գիտական դպրոցի աշակերտներ
բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյան և բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր. Վանդիկա Ավետիսյանը։
«Մենք որոշեցինք մեդալների հանձնմամբ արժևորել այն մարդկանց, ովքեր մեր ինստիտուտից դուրս են աշխատում, բայց մեծ ներդրում ունեն բուսաբանության ոլորտում։Հուսանք՝ այս նախաձեռնությունը կդառնա ամենամյա», – ասաց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի լաբորատորիայի բացումը։ Լաբորատորիան վերանորոգվել և վերազինվել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 21AG-1F004 առաջատար հետազոտությունների ծրագրի և gիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու 4 մրցույթների (2021, 2022, 2023а, 2023b) միջոցներով։
hyՀայերեն