Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում նշանավորվեց երկու կարևոր իրադարձությամբ.
Առաջին անգամ 5 անվանակարգերում հանձնվեց «Թախտաջյանի մեդալներ»
Բացվեց Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի լաբորատորիան
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան բուսաբանեւթյան ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։
Բուսաբանության ինստիտուտի գիտքարտուղար, Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի ավագ գիտաշխատող Ժաննա Հովակիմյանը ներկայացրեց ակադեմիկոս Թախտաջյանի գործունեությունը։
«Իր արգասաբեր գիտական գործունեությամբ հսկայական նշանակություն է ունեցել բուսաբանական գիտության զարգացման գործում սկզբում Հայաստանում, այնուհետև Ռուսաստանում, ապա նաև ողջ աշխարհում։ Արմեն Թախտաջյանն իր ամբողջ կյանքը նվիրել է գիտությանն ու մարդկությանը ծառայելուն: Նա հեռացավ՝ թողնելով հարուստ գիտական ժառանգություն, ավանդույթներ, որոնք այսօր էլ նրա աշակերտները շարունակում են», – ասաց Ժաննա Հովակիմյանը։
Թախտաջյանի անվան մեդալներ հանձնվեցին 5 անվանակարգերում։
Բուսական աշխարհի հետազոտման ոլորտում առանձնակի ներդրման և գիտելիքի ստեղծման համար մեդալ ստացավ Էռնստ Վիտեքը, ով եղել է Վիեննայի Բնագիտության պատմության թանգարանի բուսաբանության բաժնի տնօրենը, ուսումնասիրել է Հայաստանի և Իրանի բուսական աշխարհը:
Բուսական աշխարհի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերի համար մեդալ ստացավ հայկական բնական կոսմետիկա արտադրող «Նաիրիան» ընկերության համահիմնադիր Անահիտ Մարկոսյանը։
Մարդու կյանքում բուսական աշխարհի նշանակության և դերի բարձրացման համար մեդալ ստացավ բնապահպան Թամար Գալստյանը։
Բուսական աշխարհի պահպանության գործում ունեցած ներդրման համար մեդալ ստացավ WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը։
Հայաստանում բուսաբանական այգիների զարգացման գործում ունեցած ավանդի համար մեդալը ստացավ Հայ օգնության ֆոնդը ( Fund for Armenian Relief, Inc) ։
Բուսաբանական գիտության զարգացման և բնապահպանության ոլորտում ավանդի համար մեդալ ստացավ սնկաբան,ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիա Օսիպյանը։
Մեդալներ ստացան ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի բուսաբան-կարգաբանների գիտական դպրոցի աշակերտներ
բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյան և բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր. Վանդիկա Ավետիսյանը։
«Մենք որոշեցինք մեդալների հանձնմամբ արժևորել այն մարդկանց, ովքեր մեր ինստիտուտից դուրս են աշխատում, բայց մեծ ներդրում ունեն բուսաբանության ոլորտում։Հուսանք՝ այս նախաձեռնությունը կդառնա ամենամյա», – ասաց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի լաբորատորիայի բացումը։ Լաբորատորիան վերանորոգվել և վերազինվել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 21AG-1F004 առաջատար հետազոտությունների ծրագրի և gիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու 4 մրցույթների (2021, 2022, 2023а, 2023b) միջոցներով։