Պատմություն

Content Image

ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ

Հայաստանի Հանրապետությունում ֆլորիստական ուսումնասիրությունների սկիզբը անքակտելիորեն կապված է Ալեքսանդր Շելկովնիկովի (1870 – 1933) անվան հետ: 1922 թ.-ին նա հիմնել է Հայաստանի բնագիտա-պատմական թանգարանը, որի հերբարիումը (1925 թ)՝ Բուսաբանական այգու հերբարիումի հետ միասին, հանդիսանում են բուսաբանական ուսումնասիրությունների սկզբնական օջախը: Այս հավաքոածուների հիմքիվրա էլ 1931 թ.-ին կազմակերպված բուսաբանության ինստիտուտ ինստիտուտում ստեղծվել է Բուսաբանության բաժին: Հետագայում Բուսաբանության բաժինը վերաճում է Բուսաբանության ինստիտուտի (1938 թ.), որը Հայաստանի ՍՍՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կազմավորման հետ (1943 թ.) դառնում է ՀՍՍՀ ԳԱԱ-ի հիմնական ինստիտուտներից մեկը: 1943 թ.-ին Ա.Լ. Թախտաջյանի և Ա.Ա. Յացենկո-Խմելնիցկու նախաձեռնությամբ Բուսաբանության ինստիտուտում կազմակերպվում է էվոլուցիոն մորֆոլոգիայի և հնէաբուսաբանության հատվածը պալինոլոգիայի և անատոմիայի խմբերով: 1949 թ.-ին Ա.Լ. Թախտաջյանի Լենինգրադ տեղափոխվելուց հետո, էվոլուցիոն մորֆոլոգիայի և հնէաբուսաբանության հատվածը միավորվում է Հերբարիումի հետ, որի կուրատորն էր Դ.Ի. Սոսնովսկին: Այդ հիմքի վրա 1953 թ.-ին կազմավորվում է բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժինը: Տարբեր տարիներին բաժինը ղեկավարել են Յ.Ի. Մուլքիջանյանը (1953-1973թթ), Վ.Ե. Ավետիսյանը (1973-1989թթ.), Է.Ց. Գաբրիելյանը (1989-2011 թթ.), Մ.Է. Հովհաննիսյանը (2011-2021թթ.), Ա.Մ. Հայրապետյանը (2021-ից մինչ օրս):

Վերջին 80 տարիների ընթացքում ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտն իր գիտահետազոտական անձնակազմի ջանքերով դարձել է առաջատար բուսաբանական ինստիտուտներից մեկը, որն իրականացնում է արժեքավոր հիմնարար և կիրառական հետազոտություններ Հայաստանի ֆլորայի և բուսականության, ինչպես նաև ներմուծման և կլիմայականացման վերաբերյալ Հայաստանի բուսաբանական այգիներում (Երևան, Վանաձոր և Սևան):

Երևանի բուսաբանական այգի

1935 թ. հուլիսի 15-ին Հայաստանի ժողկոմխորհի որոշմամբ Երևան քաղաքի հյուսիս-արևելյան մասում՝ Ավան և Քանաքեռ գյուղերի միջև գտնվող հատվածում առանձնացվում է 100 հա տարածություն՝ բուսաբանական այգու շինարարության համար: Խորհրդային միության տարբեր քաղաքներից հրավիրվում են անվանի մասնագետ-բուսաբաններ (Ն.Ա. Տրոիցկի, Դ.Ի. Սոսնովսկի, Ա.Ա. Գրոսհեյմ և ուր.), որոնք մասնակցում են բուսաբանական այգու տեղի ընտրության և գլխավոր հատակագծի կազմման աշխատանքներին: Այգու շինարարության գործում ակտիվ մասնակցություն են ունեցել Ե.Ս. Ղազարյանը, Հ.Կ. Մաղաքյանը, Գ.Դ. Յարոշենկոն, Զ.Ա. Աստվածատրյանը և ուր.: Բուսաբանական այգու զարգացման ընթացքում կարևոր փուլ են հանդիսանում 1954-1965 թթ., երբ ընդհանուր ծառաբույսեր ունեցող դենդրարին վերակառուցվում է աշխարհագրական էքսպոզիցիոն հողամասերում ցուցադրվող դենդրոհավաքածուների: Այդ շրջանում ակադ. Վ.Հ. Ղազարյանի նախաձեռնությամբ և ծառագետ-մասնագետներ Լ.Բ. Մախատաձեի, Հ.Հ. Մկրտչյանի և Տ.Գ. Չուբարյանի ակտիվ մասնակցությամբ այգու կենտրոնական մասում սկսվում է տնկարկների վերակառուցումը, որի արդյունքում ստեղծվում են ներկայիս հիմնական աշխարհագրական էքսպոզիցիոն հավաքածուները: Բուսաբանական այգում տարվող ներմուծման աշխատանքներն ավելի ակտիվանում և նպատակասլաց են դառնում հատկապես 1970-ական թվականներից՝ Ա.Ա. Գրիգորյանի ղեկավարությամբ: Նրա նախաձեռնությամբ զգալի աշխատանք է կատարվում այգին նոր երիտասարդ մասնագետներով համալրելու, հավաքածուների տաքսոնոմիական կազմը ճշգրտելու և նոր արժեքավոր տեսակներով հարստացնելու, ինչպես նաև նոր էքսպոզիցիոն հողամասեր ու ծառուղիներ հիմնադրելու ուղղությամբ:

 

Վանաձորի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգու Վանաձորի բաժանմունքը ստեղծվել է 1936 թ.-ին: 1936 թ.-ին այգու հիմնադիրների՝ Գ.Դ. և Պ.Դ. Յարուշենկո եղբայրների կողմից իրականացվել են առաջին տնկումները: 1936-1939 թթ.-ին մեծ աշխատանքներ են տարվել հարուստ հավաքածուի հավաքագրման և դենդրարիի ստեղծման ուղղությամբ: Երեք տարիների ընթացքում հավաքվել է տարբեր կենսաձևերի պատկանող հարուստ բուսական հավաքածու: 1938-1946 թթ.-ին Վանաձորի բաժանմունքը ղեկավարել են գյուղատնտեսներ Ս.Տ. Սարգսյանը, Տ.Ա. Թորոսյանը, Բ.Ա. Հակոբյանը և անտառագետ Լ.Գ. Շախվերդյանը, որոնք մեծ ջանք են ներդրել այգու հավաքածուների հարստացման և պահպանման գործում: 1946 -1953 թթ.-ին բաժանումքի վարիչ Լ.Բ. Մախատաձեն բեղուն գործունեություն է ծավալել տեսակաշարի հարստացման և հետագայում Վանաձոր քաղաքի կանաչապատման մեջ կիրառելու գործում: Հետագայում բաժանմունքը ղեկավարել են Գ.Ի. Ադամյանցը (1954-1962), Ա.Ա. Գրիգորյանը (1962-1964), Ռ.Ս. Աթաբեկյանը (1964-1983) և Գ.Ռ. Աթաբեկյանը (1983-2020): 2020 թ.-ից բաժանմունքը ղեկավարում Հ.Հ. Հովակիմյանը:

 

Սևանի բուսաբանական այգի

Ա.Ի. Խրիմլյանի, Տ.Չ. Չուբարյանի և Գ.Դ. Յարոշենկոյի նախաձեռնությամբ 1944 թ.-ին ստեղծվել է Սևանի բուսաբանական այգին: Այգում ներմուծման գործունեությունը մեծ թափ է առել 1947-1955 թթ.-ին` բնակավայրերի կանաչապատման անհրաժեշտությունից ելնելով: Առաջին տնկումներն իրականացվել են Տ.Գ. Չուբարյանի, Գ.Դ. Յարոշենկոյի, Ռ.Ա. Աբրահամյանի և Վ.Ա. Ազարյանի ակտիվ մասնակցությամբ: 1952 թ.-ից սկսած Վ.Ա. Ազարյանի կողմից իրականացվել են մի շարք աշխատանքներ, ինչպես ներմուծման, այնպես էլ բաժանմունքի, լաբորատոր վարչական շենքի և ջերմատան ստեղծման գործում, որոնք նպաստել են գիտահետազոտական բնույթի աշխատանքների ընդլայնմանը: 1985 թ.-ից սկսած բաժանմունքը ղեկավարում է Ս.Մ. Մնացականյանը:

en_USEnglish