«Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ամփոփիչ աշխատաժողով

Content Image
Մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին փոխանցվեց Սևան ազգային պարկի կառավարման պլանը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, համայնքների, ինչպես նաև ոլորտի կարգավորմամբ զբաղվող այլ պետական գերատեսչությունների, միջազգային, գիտական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին իր ողջույնի խոսքում անդրադարձ կատարեց ծրագրի շրջանակներում մշակված կարևոր ռազմավարական փաստաթղթերին և շնորհակալություն հայտնեց կառավարման պլանի մշակման գործընթացում ներգրավված բոլոր կողմերին՝ կատարած հսկայական աշխատանքի համար:
«Սևան›› ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին կառավարման պլանի փոխանցման արարողակարգին նախորդեց Սևան ազգային պարկի կառավարման պլանավորման գործընթացի և արդյունքների ներկայացումը: Միջոցառումն ամփոփվեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի թանգարան շրջայցով:
«Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակումը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվել է «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (Հայաստան), Սոլյուտոն ՍՊԸ-ի (Հայաստան), DHP Conservation Ltd-ի (Չեխիա), NaravaNarave d.o.o-ի (Սլովենիա) կոնսորցիումի կողմից։
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից և իր հերթին «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
en_USEnglish