Աշխարհագրական էքսպոզիցիոն հողամասեր

Content Image

Աշխարհագրական էքսպոզիցիոն հողամասեր 

Երևանի բուսաբանական այգում 1954 թ.-ից սկսած 16 հա զբաղեցնող տարածքում հավաքագրվել է հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտուց ներմուծված բուսատեսակների հարուստ հավաքածու, որոնք տեղաբաշխվել են էկոլոգոաշխարհագրական սկզբունքով: 1954-1970 թթ․ ընկած ժամանակահատվածում Բուսաբանության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Վ․ Ղազարյանի նախաձեռնությամբ և ծառագետներ Լ․ Մախատաձեի ու Հ․ Մկրտչյանի ակտիվ մասնակցությամբ ստեղծվեցին Կովկասի և Ղրիմի, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Սիբիրի, Արևելյան Ասիայի աշխարհագրական էքսպոզիցիոն հողամասերը։

 

 
Հյուսիսային Ամերիկայի դենդրոֆլորայի էքսպոզիցիոն հողամաս

Երևանի բուսաբանական այգում, 5 հա տարածք զբաղեցնող Հյուսիսային Ամերիկայի էքսպոզիցիոն հողամասում աճում է ծառաբույսերի շուրջ 160 տեսակ։ Բուսաբանական այգու խիստ ցամաքային կլիմայի պայմաններում հյուսիսամերիկյան ծագման ներմուծված ծառաբույսերի հարմարվողականության բացահայտման վերաբերյալ նպատակաուղղված ուսումնասիրություններ են կատարվել դեռևս 1950-ական թթ․ Հ․ Մկրտչյանի, իսկ 1980-ական թթ․ Գ․ Մանասյանի կողմից։ Բուսաբանական այգու հողակլիմայական պայմանները նպաստավոր են հյուսիսամերիկյան ծագման ծառաբույսերի մեծ մասի աճի և զարգացման համար, շնորհիվ իրենց էկոլոգիական կայունության և հարմարվողականության։ Շրջելով Հյուսիսային Ամերիկայի դենդրոֆլորայի էքսպոզիցիոն հողամասում կարելի է հանդիպել տվյալ տարածաշրջաններին բնորոշ բույսերի՝ Մակլուրա նարնջագույն (Maclura pomifera), Բարդի կանադական (Populus deltoides), Բունդուկ կանադական (Gymnocladus dioicus), Ընկուզենի սև (Juglans nigra), Կատալպա սովորական (Catalpa bignonioides), Գիհի վիրգինյան (Juniperus virginiana), Գլեդիչիա սովորական (Gleditshia triacanthos), Մահոնիա սղոցենատերև (Mahonia aquifolium), Արմավաշուշան թելատու (Yucca filamentosa) և այլն:

 
Արևելյան Ասիայի դենդրոֆլորայի էքսպոզիցիոն հողամաս

Երևանի բուսաբանական այգու պայմաններում, 1954թ․-ից սկսած, մի քանի տասնամյակի ընթացքում փորձարկվել են Արևելաասիական (Չինաստան, Ճապոնիա) դենդրոֆլորայի ավելի քան 220 տեսակի ծառ և թուփ, որի արդյունքում ստեղծվել է բավականին հարուստ հավաքածու՝ մոտ 150 տեսակ։ Արևելյան Ասիայի դենդրոֆլորայի էքսպոզիցիոն հողամասը զբաղեցնում է 4,5 հա տարածություն։ Հավաքածուի ստեղծման և ծառաբույսերի կենսաէկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրության գործում մեծ աշխատանք են կատարել Լ․ Հարությունյանը, Հ․ Բոզոյանը և Լ․ Գրիգորյանը։ Արևելաասիական դենդրոֆլորայի ներկայացուցիչների մեծ մասը առանձնանում են բարձր գեղազարդությամբ և էկոլոգիական կայունությամբ։ Արևելյան Ասիայի դենդրոֆլորայի էքսպոզիցիոն հողամասում հանդիպում են հետևյալ տեսակները՝ Կենսածառ արևելյան (Biota orientalis), Սոֆորա ճապոնական (Sofora japonica), Մետասեքվոյա գլիպտոստրոբոնման (Metasequoia gliptostroboides), Բրուսոնեթիա թղթյա (Broussonetia papyrifera), Բարդի բոլլեի (Populus bolleana) Վեյգելա ծաղկող (Weigela florida), Վիստերիա չինական (Wisteria sinensis) և այլն:

 
Կովկասի դենդրոֆլորայի էքսպոզիցիոն հողամաս

Երևանի բուսաբանական այգում, 5 հա տարածք զբաղեցնող Կովկասի դենդրոֆլորայի էքսպոզիցիոն հողամասում աճեցվում է ծառաբույսերի շուրջ 200 տեսակ։ Հավաքածուի ստեղծման և ծառաբույսերի կենսաէկոլոգիական առանձնահատկությունների վերաբերյալ ուսումնասկրություններ են կատարել Ա․ Գրիգորյանը, Ժ․ Վարդանյանը։ Կովկասի դենդրոֆլորայի էքսպոզիցիոն հողամասում հանդիպում են հետևյալ տեսակները՝ Կաղնի շագանակատերև (Quercus castaneifolia), Արջատխլենի (Corylus colurna), Գիհի կազակական (Juniperus sabina), Բոխի կովկասյան (Carpinus betulus), Թխկի կեղծսոսիատերև (Acer pseudoplatanus), Սոճի կովկասյան (Pinus kochiana), Երկաթածառ (Parrotia persica), Լորենի մանրատերև (Tilia cordata), Լ. կովկասյան (T. caucasica), Հոնի (Cornus mas), Բռնչի սովորական (Viburnum opulus) Հասմիկ թփային (Jasminum fruticans), Բաղեղ սովորական (Hedera helix) և այլն:

 
Եվրո-Սիբիրի դենդրոֆլորայի էքսպոզիցիոն հողամաս

Երևանի բուսաբանական այգում, 1,5 հա տարածք զբաղեցնող Եվրո-Սիբիրի դենդրոֆլորայի էքսպոզիցիոն հողամասում Ժ․ Տարասովայի, Դ․ Վարդանյանի և Գ․ Գատրչյանի կողմից ուսումնասիրություններ են կատարվել ներմուծված ծառաբույսերի վարքագծի, հարմարվողականության բնույթի բացահայտման վերաբերյալ, փորձարկվել են մոտ 750 տեսակ ծառ և թուփ, որոնցից շուրջ 130-ը բավականին լավ աճում և բազմանում է։ Եվրո-Սիբիրը համարվում է ծառաբույսերի ներմուծման արժեքավոր աղբյուր։

en_USEnglish