Քարաքոսերը բարդ օրգանիզմներ են, որոնք ավանդաբար հայտնի են, որպես սնկերի և ջրիմուռների և/կամ ցիանոբակտերիաների սիմբիոտիկ միավորումներ: Մինչ այժմ, վերջին քարաքոսաբանական ուսումնասիրությունների տվյալներով, Հայաստանից հայտնի է 619 տեսակի քարաքոս: 2020 թվականին, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում, ՀՀ գիտության կոմիտեի մեկնարկային դրամաշնորհով ստեղծվել է քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբ՝ քարաքոսերի համապարփակ և բազմակողմանի ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով։ Մեր ծրագիրը նպատակ ունի զարգացնել այդ քարաքոսաբանական հետազոտությունները՝ միաժամանակ ամրապնդելով վերջերս ստեղծված գիտական խմբի կարողությունները: Մեր ծրագրի աշխատանքային փաթեթները ներառում են քարաքոսերի բազմազանության ուսումնասիրություն հարավային Հայաստանի մարզերում, էպիֆիտային մակրոքարաքոսերի ուսումնասիրությունն, որպես հյուսիսային Հայաստանի անտառների շարունակականության և բնապահպանական արժեքի ցուցիչ, մոլեկուլային ֆիլոգենետիկ և կարգաբանական հետազոտություններ Ramalina և որոշ այլ ցեղերի տեսակային համալիրների վերաբերյալ և այլն։
«Հայաստանի քարաքոսերի ԴՆԹ շտրիխ կոդավորում» ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել նախադրյալներ և պայմաններ ԴՆԹ շտրիխ կոդավորման միջոցով Հայաստանի քարաքոսերի մոլեկուլային նույնականացման և կենսաբազմազանության ներառական հետազոտման համար: ԴՆԹ շտրիխ կոդավորումը որոշակի գենի ԴՆԹ հաջորդականության ստացումն ու շտեմարանում առկա հաջորդականությունների հետ համեմատումն է՝ տեսակի նույնականացման նպատակով: Ի լրումն մորֆոլոգիական առանձնահատկությունների հիման վրա նույնականացման գործընթացին, շտրիխ կոդավորումը հնարավորություն է տալիս որոշել վնասված կամ անճանաչելի, բարդ նույնականացվող նմուշները, ինչպես նաև քողարկված տեսակները (cryptic species): Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստանալ և պահեստավորել ավելի քան 200 շտրիխ կոդեր Barcode of Life Database և NCBI GenBank միջազգային շտեմարաններում: Ստացված արդյունքները կօգտագործվեն նաև մոլեկուլային ֆիլոգենետիկ հետազոտություններում: 2019թ.-ի ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այս ծրագրի իրականացումը կնպաստի այս համագործակցության ընդլայմանը և զարգացմանը:
Իրականացվել են Ուրասար լճի (Լոռու սարահարթ) լայնածավալ ուսումնասիրություններ, ինչպես նաև ՀՀ տարածքի մի շարք այլ լճերի հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական և հիդրոկենսաբանական պարամետրերի, էխո հնչյունավորում՝ կազմելու մանրամասն բաթիմետրիկ քարտեզ, էկոհամակարգի ներկա վիճակի գնահատման, լճի շրջակայքի բուսաբանական նկարագրության և լճի ափամերձ գոտուց հողի նմուշառման ուսումնասիրություններ։ Առաջին անգամ իրականացվել են Ուրասար լճի ֆիտոպլանկտոնային ջրիմուռների ֆլորայի ուսումնասիրությունները։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է ավելի քան 60 տեսակ, որոնցից շատերը կոսմոպոլիտ են:
Հայտնաբերվել են ինվազիվ բուսատեսակների բազմաթիվ նոր պոպուլյացիաներ և նոր լոկալիտետներ։ Առանձնակի պետք է նշել վերջին 20-30 տարիներին 1 լոկալիտետից հայտնի կամ բնական էկոհամակարգերում դեռևս չհանդիպած տեսակները, որոնք այժմ ինտենսիվ տարածվում են՝ Impatiens glandulifera, Syringa vulgaris, Phytolacca americana, Oenothera biennis, Amorpha fruticosa, Nicandra physalodes: Ինվազիվության ռիսկի գնահատման համար ընտրվել և հարմարեցվել է մեթոդ, որը կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում: Մեթոդը փորձարկվել է 13 տեսակների համար (Acer negundo, Ailanthus altissima, Ambrosia artemisiifolia, Cirsium incanum, Clematis vitalba, Conyza canadensis, Helianthus tuberosus, Hippophae rhamnoides, Leucanthemum vulgare, Robinia pseudoacacia, Silybum marianum, Grindelia squarrosa, Solidago canadensis)։ Գնահատման արդյունքում պարզվել է, որ բոլոր տեսակները ունեն ինվազիվության մեծ ներուժ, որը հաստատում է վերջին տասնամյակում կատարված դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքները։ Գնահատվել է նաև ազդեցության ներուժը գյուղատնտեսության և շրջակա միջավայրի վրա։ Հայաստանի տարբեր անտառտնտեսություններում կատարվել են ինվազիվ բուսատեսակների բաշխման և տարածվածության մեխանիզմների վերլուծություն՝ առանձնակի կարևորելով ծառաբույսերը, որոնք կարող են ազդել անտառային էկոհամակարգերում տեսակափոխության վրա:
Երևանի բուսաբանական այգում կատարվել են ռելիկտային Zelkova carpinifolia-ի, Hedera helix-ի, Corylus colurna-ի և Staphylea pinnata-ի տնկումներ: Ավարտվել է Դիլիջանի բրածո ֆլորայի մոտ 2000 նմուշների հաշվառումը: Վանաձորի և Սևանի բուսաբանական այգիներում ևս ուսումնասիրվել են թիրախային մի շարք տեսակների տարածվածությունը և դրանց էկոլոգաֆիզիոլոգիական հարմարվողականությունը։ Իրականացվել են գիտարշավներ Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Լոռու մարզեր՝ ռելիկտային տեսակների արեալների ուսումնասիրման նպատակով: